Զենքի շրջանառության կարգավորման օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի
Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելը նախատեսվում է մի փոքր հետաձգել։ Այն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից՝ ապրիլի 28-ի փոխարեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Հաշվի առնելով, որ դեռ նախատեսվում է տվյալ փաթեթից բխող ավելի քան երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտեր ընդունել, ինչը, ըստ էության, պետք է ապահովի նոր օրենքի անխափան գործունեությունը, մենք որոշել ենք նախկինում նշված ամսաթիվը տեղափոխել այս տարվա հուլիսի 1-ը»,- պարզաբանել է նախարարը։
Այդպիսի ժամկետ է առաջարկվում նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի շրջանակում։ Այն մասնավորապես ենթադրում է հրաձգարանների պարտադիր լիցենզավորում։
Խորհրդարանը դեռ 2022 թվականին էր ընդունել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը, այն ներկայացրել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Դրանով, օրինակ, առաջարկվում է ակոսափող զենք կրելու իրավունք տալ 18-ի փոխարեն 21 տարին լրացած անձանց: Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։
Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։
Добавить комментарий