Իրանը ներգրավված չէ ռուս-ուկրաինական պատերազմում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Իրանը ներգրավված է ռուս-ուկրաինական պատերազմում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահի Յամաձակի Կաձույուկիի անունով գրած նամակում Սայիդ Իրավանին կտրականապես հերքել է այն անհիմն մեղադրանքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որոնք հնչեցվել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի և ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցչի կողմից։ Նա շեշտել է՝ Ուկրաինան սխալմամբ պնդում է, որ Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությանը ուկրաինական ճգնաժամում, ինչը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը անաչառ դիրքորոշում է որդեգրել ի սկզբանե, և այդ սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Իրանը մշտապես կողմ է խաղաղությանը և Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը»,- ընդգծել է Իրավանին։
Ըստ իրանցի դիվանագետի՝ Իրանը մեկ անգամ ևս հաստատում է իր անխախտ հավատարմությունը միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանությանը։
#Դետքի_հետագծով
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները պարբերաբար մեղադրում են Իրանին Ռուսաստանի Դաշնությանը սպառազինություն մատակարարելու մեջ։ Իրանը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարում, քանի որ դա նպաստում է ռազմական գործողությունների շարունակմանը։
Добавить комментарий