Կովկասը չպետք է դառնա մրցակցության վայր այլ կողմերի համար. Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի կովկասյան տարածաշրջանը դառնա մրցակցության տեղ այլ կողմերի համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աշտիանին շեշտել է, որ տարածաշրջանի սահմաններից դուրս անվտանգության ձգտումը հակառակ արդյունք կունենա, տարածաշրջանը կվերածի հակամարտության տեղի և կստեղծի լրացուցիչ խնդիրներ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։ Նրա խոսքով՝ հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության մի մասն է, բայց Հայաստանը հատուկ նշանակություն ունի, և հարաբերությունները երկու երկրների միջև խորանում են տարբեր ոլորտներում Հայաստանի անկախացումից հետո։
Իրանի պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Իրանը միշտ պաշտպանել է համապարփակ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Ըստ նրա` Իրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքի ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության աջակցությունն է։
«Կովկասյան տարածաշրջանի հարցում Իրանը մնում է հավատարիմ այդ քաղաքականությանն ու կաջակցի ուղիղ բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ դա համարում է խաղաղության, առաջընթացի ու զարգացման հիմքը»,- ասել է նա։
Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին բարձր է գնահատել Իրանի հետ պատմական կապերը և բարեկամությունն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման պատրաստակամություն է հայտնել։ «Շատ կարևոր է, որ երկու երկրներն ունեն նման մոտեցումներ տարածաշրջանային կայունության հարցում, մենք պետք է ձգտենք ավելի սերտ համագործակցության՝ տարածաշրջանային անվտանգության հասնելու և զարգացման համար»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Հայաստանը վերջին շրջանում խորացնում է Արևմուտքի հետ հարաբերությունները, ինչն Իրանում որոշակի դժգոհությունների պատճառ է դառնում։ Իրանը վերահաստատում է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը դեմ է, իսկ ՀՀ-ն իր հերթին փորձում է Իրանին վստահեցնել, որ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը որևէ կերպ ուղղված չէ հայ-իրանական համագործակցության դեմ։
Добавить комментарий