Տարածաշրջանում անվտանգություն պետք է ապահովեն բացառապես տարածաշրջանային երկրները. Իրանի ՊՆ
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ տարածաշրջանում անվտանգություն պետք է ապահովեն բացառապես տարածաշրջանային երկրները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Աշտիանին ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ «Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքի ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության աջակցությունն է»,- ասել է նա։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Կովկասի տարածաշրջանի հարցում Իրանը հավատարիմ է մնում այդ քաղաքականությանը և կաջակցի հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, նրա կարծիքով, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանի երկրների կողմից, և ցանկացած այլ մոտեցում, որը կհակասի այս քաղաքականությանը, անընդունելի է։
Սուրեն Պապիկյանը, իր հերթին, ասել է, որ ՀՀ-ի համար շատ կարևոր է, որպեսզի երկու երկրները միանման վերաբերվեն կայունությանը տարածաշրջանում։ Նա նաև կոչ է արել սերտացնել երկկողմ հարաբերություններն Իրանի ու Հայաստանի միջև։
#Դետքի_հետագծով
Հայաստանը վերջին շրջանում խորացնում է Արևմուտքի հետ հարաբերությունները, ինչն Իրանում որոշակի դժգոհությունների պատճառ է դառնում։ Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը պետք է դիտարկել այս համատեքստում, իսկ ՀՀ-ն իր հերթին վստահեցնում է Իրանին, որ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը որևէ կերպ ուղղված չէ հայ-իրանական համագործակցության դեմ։
Добавить комментарий