Опубликовано D.Guyumjyan -
դետք

Հայաստանի հետ կապված հարցում Իրանի հետ համաձայն ենք. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է՝ Փարիզը մտածում է ոչ թե ազդեցության ոլորտների, այլ յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ։

«Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով»,- ասել է նա:

Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան Իրանի հետ բազմաթիվ հարցերում տարաձայնություններ ունի, բայց Հայաստանի հետ կապված հարցերում երկու երկրները համակարծիք են։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնվեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` կառույցի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն միմյանց ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է»,-ասել է դեսպանը:

Վերջինս հավելել է՝ Հայաստանի հետ պաշտպանական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է։

#Դետքի_հետագծով

Ֆրանսիան և Իրանը բազմաթիվ հարցերում տարաձայնություններ ունեն, սակայն Հայաստանի պարագայում երկու երկրներն էլ աջակցում են ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը։ Այս համատեքստում Իրանը դեմ չէ նաև, որ Հայաստանը Ֆրանսիայից սպառազինություն գնի, քանի որ վստահ է, որ այս սպառազինությունն օգտագործվելու է բացառապես ՀՀ ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունն ապահովելու նպատակով։

Добавить комментарий