Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը. Նասեր Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ պաշտոնական Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի վերականգնման հնարավորությունը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյայի ասուլիսին։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցների չեղարկման քննարկումներին, ապա մենք կողմ ենք երկխոսությանը և համոզված ենք, որ անհրաժեշտության ու հակառակ կողմի համապատասխան ցանկության դեպքում Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի բանակցությունները կարող են ավարտվել կարճ ժամկետում»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ մեկնաբանելով Իրանի փոխարտգորնախարար Ալի Բաղերի Կանիի և Եվրամիության միջուկային գործարքի գծով համակարգող Էնրիկե Մորի հանդիպումներն ու խորհրդակցությունները։

Հիշեցնենք՝ տևական բանակցություններից հետո 2015 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիրը՝ ուղղված այս երկրի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի հաղթահարմանը։

2018 թվականի մարտի 3-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ պայմանավորվածություններից դուրս գալու մասին։ Ներկայիս նախագահ Ջո Բայդենը քանիցս նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին։

#Դետքի_հետագծով

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում 2021 թվականի ապրիլից Իրանի հետ գործարքի վերականգնման շուրջ բանակցություններ են վարում։ 2022 թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ բանակցությունների հերթական փուլը Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ Վիեննայում ավարտվել է անարդյունք։

Добавить комментарий