Իրանը մեծացնում է նավթի ու գազի արդյունահանման ծավալները
Իրանի Իսլամական Հանրապետության հարավում գտնվող Փարս գազի հանքավայրում արդյունահանումը մեծացնելու նպատակով երկրի պատմության մեջ 20 միլիարդ դոլար արժողությամբ գազային ամենամեծ պայմանագիրն է ստորագրվել։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Արարողությունից հետո Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է՝ պատժամիջոցներն ու խափանարարությունները չէին կարող կանխել Իրանի նավթարդյունաբերության աճն ու զարգացումը։
«Չնայած ամենածանր պատժամիջոցներին` մենք նավթ ենք արտահանում ուր ուզում ենք, և կառավարության հաջողությունները թշնամուն ստիպեցին ուշադրություն դարձնել այս արդյունաբերության վրա։ Այնպես որ խափանումներ են կատարել ազգային գազային ցանցի 4 գծերում, բայց մենք կարողացել ենք այդ խնդիրները լուծել ջիհադական գործողություններով»,- ասել է նա իրանցի կապալառուների հետ Հարավային Փարս գազի հանքավայրում արդյունահանման ավելացման նախագծի իրականացման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ։
Օջին հայտարարել է, որ երկրի գազի պաշարների մեծ մասը գտնվում է Հարավային Փարս գազի հանքավայրում, և նավթավերամշակման գործարանի, նավթաքիմիական արտադրանքների և նույնիսկ երկրի բենզինի արտադրությունը կախված են Հարավային Փարսից: Նրա խոսքով՝ օրակարգում է նաև «Ազադեգան» հանքավայրի շահագործումը, որը կիրականացվի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ, և այս աշխատանքում առաջնահերթ են համարվել սահմանային հատվածները։
«Այս տարի վառելիքի մեր պաշարները հասցրել ենք 1 միլիարդ լիտրի, իսկ գազի պաշարները՝ 3 միլիարդ խորանարդ մետրի։ Ոչ պատժամիջոցները կարողացան խոչընդոտել մեր աշխատանքը և առաջընթացը, ոչ էլ խափանարարությունները։ Իսկ այսօր, համաձայն ենտրոնական բանկի ներկայացրած վիճակագրության, տնտեսական աճ ենք արձանագրել»,- եզրափակել է Օջին։
#Դետքի_հետագծով
Նավթի ու բնական գազի արդյունահանումը Իրանի տնտեսության շարժիչ ուղղություններից մեկն է։ Սա Իրանի իշխանություններին թույլ է տալիս չեզոքացնել արևմտյան պատժամիջոցների հետևանքները, ինչպես նաև զարգացնել երկրի տնտեսությունը։
Добавить комментарий