Իրանի գերագույն առաջնորդը քննադատել է Իսրայելին օգնող իսլամադավան երկրներին
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խստորեն դատապարտել է իսլամական այն երկրների կառավարություններին, որոնք «պաղեստինցիներին դավաճանելու հարցում» շարունակում են օգնել Իսրայելին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Խամենեին այս հայտարարությունն արել է երեքշաբթի` մայրաքաղաք Թեհրանում Ռամադանի սուրբ ամսվա առաջին օրը Ղուրան ուսուցանողների և ունկնդիրների հետ կայացած հավաքի ժամանակ:
«Իսլամական աշխարհում որոշ կառավարություններ օգնում են պաղեստինյան ճնշված ժողովրդի թշնամիներին: Աստծո օգնությամբ նրանք կպատժվեն այս դավաճանության համար»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է Խամենեին:
Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ պաշարված Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդի դիմադրությունն ու տոկունությունը ծնկի կբերեն Իսրայելի ռեժիմը։ Նա նաև ասել է, որ Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի արդար պայքարին։
#Դետքի_հետագծով
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Իսրայելը չի դադարեցնում Գազայի հատվածում շարունակվող պատերազմը։ Այս ֆոնին Իրանը ձգտում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել ընդդեմ այդ երկրի և խստորեն քննադատում է վերջինիս հետ տնտեսական հարաբերություններ զարգացնող երկրներին։
Добавить комментарий