Опубликовано D.Guyumjyan -
detq

Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Խուդաֆերինում

Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին մտադիր են հանդիպել Խուդաֆերինի կամրջի տարածքում։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական «Baku.TV»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։

Իրանցի դիվանագետը հայտնել է, որ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ տեղի կունենա «Խուդաֆերին» և «Քըզ-քալասը» հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։

«Հուսով եմ, որ երկու երկրների էներգետիկայի նախարարները շուտով կհանդիպեն՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ սահմանին տեղի կունենա «Խուդաֆերին» և «Քըզ-քալասը» հիդրոէլեկտրակայանների ու համապատասխան ամբարտակների բացման արարողությունը»,- ասել է նա։

Դեսպանը հայտնել է, որ աշխատանքները կշարունակվեն Արազի կամրջի անցակետի, ինչպես նաև Աղբենդայի կամրջի վրա գտնվող ճանապարհային և երկաթուղային գծի արագ շահագործման հանձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արցախ-Իրան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Ադրբեջանի բողոքի նոտաներին, Իրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էին ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։

Добавить комментарий