Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի փոխնախագահն առաջարկել է միջազգային կոալիցիա ստեղծել Իսրայելի դեմ

Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Նիգերիայի կանանց և սոցիալական զարգացման նախարար Ուջու Քենեդի-Օհանենյիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի փոխնախագահն առաջարկել է միջազգային կոալիցիա ստեղծել իսրայելական վարչակարգի դեմ։

Գազայի հատվածում պատերազմի քննարկման ժամանակ Խազալին Իրանի մտահոգությունն է հայտնել սովի, զոհերի ու վիրավորների թվի աճի կապակցությամբ՝ հատկապես կանանց և երեխաների շրջանում։ Իրանի փոխնախագահը վերահաստատել է՝ Թեհրանը շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարին։ 

Կողմերը քննարկել են նաև կանանց, ընտանիքին, շրջակա միջավայրին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր։ Իրանի ու Նիգերիայի պաշտոնատար անձինք ընդգծել են վիրտուալ համատեղ շուկայի ստեղծման անհրաժեշտությունը տնտեսական համագործակցության ընդլայնման համար։

#Դետքի_հետագծով

Չնայած բազմաթիվ կոչերին ու հորդորներին` Իսրայելի իշխանությունները չեն դադարեցնում պատերազմը Գազայի հատվածի նկատմամբ։ Սրանից ելնելով` Իրանը ձգտում է այդ երկրի դեմ միջազգային կոալիցիա ձևավորել, որի առանցքը պետք է կազմեն իսլամադավան երկրները։

 

Добавить комментарий