Ադրբեջանում ավելացել է քաղբանտարկյալների թիվը
Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում քաղբանտարկյալների թիվը հասել է 288-ի, միայն վերջին երեք ամսվա ընթացքում քաղաքական, կրոնական դրդապատճառներով ճաղերի հետևում է հայտնվել ևս 43 մարդ։
Բանտերում, մասնավորապես, ավելի քան երկու տասնյակ լրագրող ու իրավապաշտպան կան, այդ թվում՝ «Abzas TV», «Toplum TV» անկախ լրատվամիջոցների խմբագրակազմի մեծ մասը, 22 քաղական գործիչ կամ ակտիվիստ, որոնց թվում է նաև ընդդիմադիր առաջնորդ Թոֆիգ Յագուբլուն։
Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են նաև «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Սահիբ Մամեդզադային՝ ապօրինի թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Ընդդիմադիր կուսակցությունը տարածած հայտարարությամբ պնդել է՝ Մամեդզադայի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության առնվազն հինգ անդամներ են այս պահին գտնվում ադրբեջանական բանտերում տարբեր մեղադրանքներով։
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը ամենաբարձր ցուցանիշն է երկրի՝ Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր:
Добавить комментарий