Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ընդգծվել են խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել են առևտրատնտեսական կապեր, շեշտվել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն հանել է Հայաստան մեկնող տարանցիկ բեռների սահմանափակումները: Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակապի ձևաչափով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին գնահատվել է որպես պատմական իրադարձություն:
Հանդիպմանը ընդգծվել է, որ ներկայումս Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգում են թվային տրանսֆորմացիայի, արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փոխգործակցության հարցերը:
Զրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնվել Եվրոպական միությանը՝ ականազերծման ոլորտում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, նշվել է, որ TRIPP նախագծի մեկնարկը լավ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային կապի տեսանկյունից:
Ալիևը և Կայա Կալասը նաև քննարկել են Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ավելացնել նոր մեկնաբանություն