Submitted by D.Guyumjyan on
deta

Իրանը պատերազմ չի փնտրում, բայց կպատասխանի, եթե իր շահերը ոտնահարվեն․ Իրանի փոխնախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու, եթե իր շահերը վնասվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Մեր ուղերձը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց բոլոր դաշնակիցներին այն է, որ մենք պատերազմ չենք փնտրում, բայց եթե մեր թշնամիները  հիմար են և ցանկանում են վնաս հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության շահերին,  ապա մեր ձեռքերը կապված չեն ինքներս մեզ պաշտպանելու համար»,- ընդգծել է Դեղհանը:

Իրանի փոխնախագահը հայտնել է՝ ԱՄՆ-ն, խոստանալով կոշտ պատասխան տալ Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման համար, անգամ իր համար դեռ չի պարզաբանել այս հարցը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը չի ձգտում լարվածության, սակայն շարունակելու է պաշտպանել իր շահերը։

«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր մենք երբեք չենք ձգտել պատերազմի և լարվածության: Միևնույն ժամանակ, մենք հզոր երկիր ենք, և եթե մեր թշնամիները հիմար են, մենք անպայման կստիպենք նրանց զղջալ դրա համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա կատարված հարձակումից հետո ԱՄՆ-Իրան ուղիղ առճակատման վտանգը մեծացել է։ Սա գիտակցում են ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում, և փորձում են ամեն կերպ կանխել այս զարգացումը, քանի որ դրա հետևանքներն աղետալի կլինեն ողջ աշխարհի համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն