Submitted by H.Aslanyan on
Զատուլին

Վաշինգտոնյան համաձայնագիրը հակասում է Երևանի շահերին, սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին. Զատուլին

ԱՄՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման շրջանակում նախատեսված պայմանավորվածությունները չեն համապատասխանում պաշտոնական Երևանի շահերին, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի պայմանները։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին առաջարկելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի անկլավի հետ կապող 40 կիլոմետրանոց տրանսպորտային ենթուղու վերահսկողությունը փոխանցել մասնավոր ընկերությանը։

«Սա ոչ մի կերպ չի կարող օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, խոսքը անձամբ Փաշինյանի մասին չէ, քանի որ նա չի մտածում ազգային շահերի տեսանկյունից: Նա փորձում է Հայաստանը և իրեն ինտեգրել արևմտյան աշխարհին՝ միաժամանակ հրաժարվելով ազգային շահերից։ Սա, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին»,- ասել է Զատուլին։

Խորհրդարանականը նշել է, որ եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը «Զանգեզուրի միջանցքի» հանձնումն է ԱՄՆ վերահսկողությանը, ապա դա սպառնալիք կդառնա Իրանի համար։

«Սա, անշուշտ, Միացյալ Նահանգների և որոշ չափով նաև Իսրայելի շահերից է բխում, քանի որ «Զանգեզուրի միջանցքը» և Ադրբեջանի ու Թուրքիայի միավորումը, իհարկե, սպառնում են ոչ միայն մեզ, այլև Իրանին։

Պարտադիր չէ գուշակ լինել՝ հասկանալու համար, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, իսկ ՌԴ-ն և Իրանը պետք է հաշտվեն։

Անկախ նրանից՝ դա կներառվի որևէ համաձայնագրի տեքստում, թե ոչ, վերջակետ կդրվի «Զանգեզուրի միջանցքի»-ի նկատմամբ վերահսկողության հարցում։ Թուրքիան, օգտագործելով Փաշինյանին, կկարողանա Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, իսկ նրա հետ նաև ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, որոնք այդ կերպ կստանան իրենց բոնուսը»,- ասել է պատգամավորը»։

 

Add new comment