Submitted by Անի Երյան on
bb

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման հարցում

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրա երկրորդ կամուրջը կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, ով գտնվում է Երևանում՝ ԻԻՀ պաշտոնական պատվիրակության կազմում։

Ինչպես նշել է Սադեգը, նախնական համաձայնություններ են ձեռք բերվել Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գոյություն ունեցող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարելավման և բեռնատարների համար նախատեսված տուրքերի վերանայման վերաբերյալ։

«Այս քայլերը կհեշտացնեն բեռնափոխադրողների աշխատանքը և կձևավորեն լիարժեք տարանցիկ փաթեթ։ Փաթեթը կամբողջացվի առաջիկա ամիսներին», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը ռազմավարական նշանակություն ունի։ Իրանում ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, նաև հաստատվել է Ջուլֆա-Երևան երթուղին։

Բացի այդ, կողմերը պատրաստվում են ավիափոխադրումների ոլորտում հուշագիր ստեղծել։ Հաշվի առնելով Հայաստանի դեպի ծով ելքի բացակայությունը՝ օրակարգում ներառված է նաև նավահանգստային ենթակառուցվածքի ոլորտում համագործակցություն։ Դրա համար նախատեսվում է օգտագործել Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող հարավային իրանական նավահանգիստների լոգիստիկ ներուժը։

«Այս նախաձեռնությունները ամուր հիմք կստեղծեն Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցիկ փոխադրումների զարգացման համար», - նշել է Սադեղը։

Միևնույն ժամանակ, Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։

Add new comment