Submitted by H.Aslanyan on
Կատար

Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Կատարի տարածքին անցյալ շաբաթ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թիրախավորելուց հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Նա հարվածներ չի հասցնի Կատարին»,- ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։

Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է, որ Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։

Հարձակման հետևանքով սպանվել էր պաղեստինյան շարժման 5 անդամ և Կատարի անվտանգության ուժերի 1 անդամ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ հարվածներն այլ երկրների տարածքում։

Add new comment