Submitted by H.Aslanyan on
կիմչեն ըն

Հյուսիսային Կորեան չի պատրաստվում հրաժարվել միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել միջուկային զենքից։ Այս և այլ հարցերի վերաբերյալ Հյուսիսային Կորեայի նախագահը խոսել է Գերագույն ժողովրդական խորհրդի հերթական նիստի ժամանակ։ Նա նշել է, որ երկրի միջուկային զինաթափման կոչերը հավասարազոր են սահմանադրական կարգի վրա հարձակման, քանի որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջուկային կարգավիճակը ամրագրված է երկրի մայր օրենքում։

Կիմ Չեն Ընը մերժել է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի կողմից արված առաջարկները՝ փուլային տարբերակով հրաժարվելու միջուկային զենքից և գալու երկխոսության՝ ընդգծելով, որ դրա իրական նպատակը Հյուսիսային Կորեան թուլացնելն ու իր իշխանությունը վերացնելն է։

«Աշխարհն արդեն լավ գիտի, թե ինչ է անում ԱՄՆ-ն, երբ ստիպում է որևէ երկրի հրաժարվել միջուկային զենքից ու զինաթափվել։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր միջուկային զենքից»,- Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Կիմ Չեն Ընը՝ ընդգծելով, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, եթե այդ երկիրը հրաժարվի Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու ծրագրից։Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է նաև, որ պաշտպանական կարողությունների ամրապնդման շրջանակում «նոր գաղտնի զենք են ձեռքբերել»։

«Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են շարունակական, թռիչքաձև զարգացման մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում», – ասել է Կիմ Չեն Ընը։

Հիշեցնելով նոր ականակիրների կառուցման և խոսելով զենքերի կատարողականի շարունակական բարելավման մասին՝ նա ընդգծել է․ «Բացի այդ, մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք։ Պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում նշանակալի նվաճումներ են գրանցվել, որոնք մեծապես կնպաստեն մարտական ​​ներուժի կտրուկ աճին»։

Կիմ Չեն Ընը հայտարարել է նաև, որ իրենք չեն պատրաստվում հասնել Կորեայի Հանրապետության հետ միավորման։ «Միավորման անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Պատմության մեջ կա արդյոք մի օրինակ, երբ երկու նման թշնամական երկրների միավորվել են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ միավորումը կնշանակի պետություններից մեկի վերացում։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է նաև, որ իրենք մտադիր չեն երկխոսություն տանել Հարավային Կորեայի հետ։ 

Add new comment