Submitted by H.Aslanyan on
Լիբանան

Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ  Լիբանանի Սուր շրջանի Թայր Դեբբա գյուղաքաղաքի վրա իսրայելական հարձակումների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 3, վիրավորվել՝ 15 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Փրկարարական և փլվածքների հեռացման աշխատանքները դեռևս շարունակվում են:

Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային մի քանի տարածք, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ Բեյրութում հարվածել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ենթակառուցվածքներին։

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ երկու անգամ թիրախավորել է ալ-Ադայսա սահմանային բնակավայրում գտնվող իսրայելական ուժերին, ինչպես նաև Այթարուն բնակավայրի ուղղությամբ շարժվող իսրայելական ուժերին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանի առողջապահության նախարար Ռաքան Նասեր ադ-Դինը հայտարարել է, որ մարտի սկզբից Լիբանանի դեմ Իսրայելի կողմից շարունակվող ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի, իսկ վիրավորներինը՝ 1130-ի։

Add new comment