Հայաստանի հետ սահմանի բացումը կլինի կարգավորման գործընթացի առանցքային արդյունքներից մեկը. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կդառնա տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների բնականոնացման գործընթացի առանցքային արդյունքը։ Այս մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Ըստ փոխնախագահի՝ այս ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում.
«Այս ուղղությամբ շարունակվում են տեխնիկական նախապատրաստությունները և ստեղծվում է անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Ուրախալի է, որ նմանատիպ գործընթացներ են իրականացվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է նաև, որ վերջին շրջանում Բաքվի և Երևանի միջև ձեռնարկված կոնկրետ քայլերը նպաստել են գործընթացի արագացմանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը զուգընթաց՝ մեր երկրի կողմից Հայաստանի հետ իրականացվող կարգավորման գործընթացն է՛լ ավելի արագ առաջ կշարժվի»,- նշվում է տեքստում։
Թուրքիայի փոխնախագահն առանձնացրել է նաև մշակութային-ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ծրագրերը.
«Առաջընթաց է գրանցվել այնպիսի նախագծերում, ինչպիսին է Անիի կամրջի վերականգնումը։ Բացի այդ, գործընթացի վրա դրական ազդեցություն է թողնում նաև ադրբեջանա-հայկական երկխոսության մեջ նկատվող առաջընթացը»,- հավելել է Յըլմազը։
Add new comment