Submitted by H.Aslanyan on
Մակրոն

Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ժամանելիս Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության:«Մենք չենք մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության ինչ-որ շրջանակում, որն, ըստ իս, հստակ չէ։ Այսպես, մենք այդ նպատակով ստեղծել ենք առաքելություն, որի վրա աշխատում ենք, ռազմական պլանավորումը տեղի է ունեցել Լոնդոնում։ Բայց մենք ամենից շատ ցանկանում ենք Իրանի և Միացյալ Նահանգների կողմից (նեղուցի) համատեղ վերաբացում։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա մեզ մշտապես վերաբացել Հորմուզի նեղուցը, ապահովել ազատ նավագնացություն և դա անել առանց սահմանափակումների և վճարների», – նշել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նաև հայտարարել է, որ եվրոպացիներն իրենց ճակատագիրն իրենց սեփական ձեռքն են վերցնում՝ մեծացնելով պաշտպանական և անվտանգության ծախսերը, և կառուցում են իրենց սեփական համաձայնեցված լուծումները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 4-ից ԱՄՆ-ն կսկսի ուղեկցել նավերին և դրանց անձնակազմերին, որոնք արգելափակված են Հորմուզի նեղուցում: Իրանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում:

Add new comment