Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մայիսի 10-ին CBS News-ի հետ հարցազրույցում։
«Կարծում եմ՝ այն (խմբ.՝ պատերազմը) շատ բաների է հասել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կա միջուկային նյութ, հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Դեռ կան պրոքսիներ, որոնց Իրանն աջակցում է։ Կան բալիստիկ հրթիռներ, որոնք նրանք դեռ ցանկանում են արտադրել», – ասել է Նեթանյահուն։Նա նշել է, որ հարստացված ուրանը վերցնելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, բայց նաև չի բացառել այն ուժով վերցնելու տարբերակը։
«Ես չեմ պատրաստվում խոսել ռազմական եղանակների մասին, բայց նախագահ Թրամփն ինձ ասել է՝ «ես ուզում եմ գնալ այնտեղ»։
Եվ ես կարծում եմ, որ դա կարող է արվել ֆիզիկապես։ Դա խնդիր չէ։ Եթե լինի համաձայնություն, և մտնես ու վերցնես այն, ինչո՞ւ ոչ։ Դա լավագույն միջոցն է», – նշել է Իսրայելի վարչապետը։
Լրագրողի հարցին՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դադարեցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունները որպես Իրանի հետ կնքված համաձայնագրի մաս, Նեթանյահուն պատասխանել է՝ «ոչ», սակայն խուսափել է ասել՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դադարեցնել «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարը, եթե դա պահանջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նեթանյահուի խոսքով՝ Թրամփը հասկանում է, թե ինքն ինչի մասին է խոսում։
«Մենք ցանկանում ենք ազատվել մեր համայնքներին, մեր քաղաքներին սպառնացող վտանգից», – նշել է Իսրայելի վարչապետը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե Իրանը զգալիորեն թուլանա, կամ տեղի ունենա իշխանափոխություն, ապա դա կնշանակի լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Եմենում գործող հութիների վերջը։
Ավելի վաղ Թրամփը մերժել էր Իրանի պատասխանը հակամարտության ավարտի հասնելու ամերիկյան առաջարկին։
Add new comment