Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 13 մարդ է զոհվել
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Նաբատիե քաղաքի վրա իսրայելական օդային հարվածներից հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու շտապօգնության աշխատակից։ Եվս երկու մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ շտապօգնության աշխատակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Բացի այդ, Նաբատիեի շրջանի Ջիբշիթ գյուղաքաղաքի վրա օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ լիբանանյան բանակի մեկ զինվոր և Սիրիայի մեկ քաղաքացի։ Եվս 12 մարդ վիրավորվել է։
Եվս չորս զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, գրանցվել է Բինտ Ջբեյլի շրջանում։
Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավում գտնվող 6 բնակավայրերի բնակիչներին։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական բանակի հավաքատեղին, զրահատեխնիկան ու տրասնպորտային միջոցները։
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։
Add new comment