Իրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան երկրի հարավին ԱՄՆ-ի հարձակումների՝ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմին, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Կորպուսը նաև հայտնել է, որ հրթիռներ են արձակել Հորդանանի ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողներ։ Կորպուսը պնդել է, որ հրթիռները հարվածել և ոչնչացրել են բազայի չորս կարևորագույն թիրախներ, այդ թվում՝ F-35 կործանիչների անգարներ և հրամանատարական կենտրոններ:
Իրանը զգուշացրել է՝ իր ուժերը շարունակում են լիովին պատրաստ լինել «ջախջախիչ և վճռական» պատասխան տալու ԱՄՆ հետագա ցանկացած ռազմական գործողության: Հետագա էսկալացիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը, նշվում է հայտարարությունում:
Հարձակման է ենթարկվել նաև Քուվեյթը, տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Կորպուսը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն հարձակումներ է գործել Իրանի հարավային Ջասկ, Սիրիկ և Քեշմ կղզու մի քանի վայրերի վրա՝ վնասելով հեռահաղորդակցության աշտարակ և ոչնչացնելով Սիրիկի Բեմանի շրջանում գտնվող երկու ջրամբար։
Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածները մեկնարկել են երեկ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով և որակվում են որպես «ինքնապաշտպանական գործողություն»։
Add new comment