Submitted by H.Aslanyan on
Միջուկային

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. NYT

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը, հայտնում է The New York Times պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնն ու Թեհրանը զգալի առաջընթաց են գրանցել Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում, որոնք նպատակ ունեն դադարեցնելու 2025 թվականի փետրվարին սկսված ռազմական գործողությունները։

Կողմերը կենտրոնացել են չորս առանցքային հարցերի շուրջ։ Նախ՝ ուրանի հարստացման դադարեցման ժամկետի հարցում սպասվում է 15 տարվա փոխզիջում, թեև ԱՄՆ-ն սկզբում պահանջում էր 20, իսկ Իրանն առաջարկում էր 10 տարի։

Երկրորդ՝ Վաշինգտոնն այլևս չի պահանջի հարստացված ուրանի պաշարների դուրսբերումը երկրից. դրանք ԱԷՄԳ-ի հսկողությամբ կնոսրացվեն հենց Իրանում, քանի որ Թեհրանը հրաժարվել է արտահանել դրանք՝ նոր հարձակումների թիրախ չդառնալու համար։

Բացի այդ, ԱՄՆ-ն պահանջում է ապամոնտաժել անցյալ տարվա ավիահարվածներից վնասված երեք գլխավոր միջուկային օբյեկտները, որոնցից երկուսի փակմանն Իրանն արդեն համաձայն է։

Չորրորդ խնդիրը վերաբերում է միջազգային դիտորդների կողմից ցանկացած պահի անակնկալ տեսչական ստուգումներ անցկացնելու իրավունքին, ինչը բարդանում է նրանով, որ շատ օբյեկտներ գտնվում են ԻՀՊԿ փակ ռազմաբազաներում։

The New York Times-ը նշում է, որ չնայած գրանցված առաջընթացին՝ բանակցային ֆոնը մնում է լարված՝ կապված վերջին օրերին Իսրայելի հետ բախումների նոր բռնկման, ամերիկյան ուղղաթիռի խոցմանն ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկման ու սառեցված ակտիվների վերադարձի շուրջ առկա տարաձայնությունների հետ։

Add new comment