Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նախագահը 14 տարվա դադարից հետո այցելել է Ալժիր

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին մեկնել է Ալժիր՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի 7-րդ գագաթնաժողովին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսիի գլխավորած քաղաքական և տնտեսական պատվիրակությունն Ալժիր է մեկնել այդ երկրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի պաշտոնական հրավերով։ Ալժիրում Իրանի նախագահը ելույթ է ունեցել Գազ արտահանող երկրների ֆորումի 7-րդ գագաթնաժողովում, հանդիպումներ անցկացրել օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ, մասնակցել Իրանի և Ալժիրի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպմանը, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան երկրի հետ համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր ստորագրել։

Ռայիսին ընդգծել է Աֆրիկայում Ալժիրի կարևոր դիրքը՝ նշելով, որ Իրանի և Ալժիրի միջև ավելի սերտ կապերը աֆրիկյան այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհ կհարթեն։ Նա նշել է Իրանի և Ալժիրի նշանակալի դերը Իսլամական համագործակցության կազմակերպությունում, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում և Գազ արտահանող երկրների ֆորումում։

«Իրանի և Ալժիրի ակտիվ դերը տարածաշրջանային կազմակերպություններում ու մուսուլմանական աշխարհում մոտեցրել է մեզ»,- նկատել է նա։

Ռայիսին հավելել է, որ Իրանը և Ալժիրը կողմ են միակողմանի գործողությունների դեմ պայքարին, ինչպես նաև կիսում են Գազային աջակցելու մոտեցումները։

Հատկանշական է, որ սա Իրանի նախագահի առաջին այցն է Ալժիր վերջին 14 տարում։

#Դետքի_հետագծով

Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը վերջին տարիներին խորացնում է իր հարաբերություններն այնտեղի երկրների հետ։ Այս երկրների շարքում կարևոր դեր ունի նաև Ալժիրը, որը ավանդաբար համարվել է Ֆրանսիայի ազդեցության գոտի, սակայն ներկայումս դուրս է եկել այդ ազդեցությունից, ինչից փորձում է օգտվել նաև Իրանը։



 

Add new comment