Թեհրանը քննադատել է Իսլամական համագործակցության կազմակերպության անգործությունը Գազայի հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) չի կատարել իր դերը Պաղեստինին աջակցելու հարցում: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Քանաանին նշել է, որ ԻՀԿ-ն Սաուդյան Արաբիայում արտահերթ նիստ կանցկացնի Գազայի հարցով, որը երկրորդ նման հանդիպումն է այն բանից հետո, երբ 5 ամիս առաջ իսրայելական ռեժիմը պատերազմ ծավալեց պաղեստինյան պաշարված տարածքի դեմ:
«Ջիդդայում ԻՀԿ-ի կենտրոնակայանում Պաղեստինի վերաբերյալ կարևոր իրադարձության ականատես կլինենք, որը կլինի իսլամական երկրների արտգործնախարարների երկրորդ արտակարգ հանդիպումը: Երկու հանդիպումներն էլ Իրանի և այս կազմակերպության որոշ այլ անդամների դիվանագիտական ջանքերի արդյունք են»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ քննադատել է ԻՀԿ-ին՝ վերջին ամիսներին Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական հանցագործությունները կասեցնելու համար գործողություններ չկատարելու համար:
«Ինչ վերաբերում է այս կազմակերպության առանցքային դիրքին ու կարևորությանը և այն փաստին, որ այն ստեղծվել է հիմնականում պաղեստինյան հիմնախնդրի պատճառով, կազմակերպությունից ակնկալվում էր արդյունավետ գործողություններ ձեռնարկել Գազայի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործությունների այս հինգ ամիսների ընթացքում:
Ցավոք, մենք ականատես չեղանք, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունն իր դերն է կատարում Պաղեստինին աջակցելու հարցում, ինչպես որ պետք է անի»,- նշել է նա։
Քանաանին հավելել է` սիոնիստ պաշտոնյաների կողմից մղվող պատերազմական գործողությունների և դրան ԱՄՆ-ի անսահմանափակ աջակցության հետևանքով դաժան պատերազմը շարունակվում է: Նա ասել է, որ ԻՀԿ-ին փորձություն է սպասվում՝ ցույց տալու, թե որքանով կօգտագործի իր ներուժը Պաղեստինին աջակցելու համար:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել ընդդեմ Իսրայելի, որը հրաժարվում է Գազայի դեմ մղվող պատերազմը դադարեցնելուց։ Այս համատեքստում կարևոր դեր ունի Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի մի շարք անդամներ առ այսօր շարունակում են հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ։
Add new comment