Իսրայելը Լիբանանի դեմ արգելված ֆոսֆորային զենք է օգտագործել
Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աբբաս ալ Հաջ Հասանը հայտարարել է, որ Իսրայելը արգելված ֆոսֆորային զինամթերք է օգտագործել` արաբական երկրում գյուղատնտեսական հողերն ավերելու համար: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով լիբանանյան «Ալահեդ» լրատվական գործակալությանը։
Աբբաս ալ Հաջ Հասանը շեշտել է, որ Լիբանանը տուժում է Իսրայելի հարձակումներից, քանի որ դրանք միտումնավոր թիրախ են դարձրել երկրի գյուղատնտեսության հատվածը։ Նրա խոսքով՝ Իսրայելը, միջազգայնորեն արգելված ֆոսֆորային զինամթերք կիրառելով, ոչնչացնում է երկրի գյուղատնտեսական հողերի հսկայական մասը։
Լիբանանի գյուղատնտեսության նախարարը հայտնել է, որ Գազայում նահատակների և անհետ կորած պաղեստինցիների թիվն այժմ գերազանցել է 40.000-ը։ Նա միևնույն ժամանակ դատապարտել է այն պետություններին, որոնք լռել են պաշարված գոտում Իսրայելի հանցագործությունների առաջ։
Ավելի վաղ էլ «The Washington Post» թերթը հայտնել էր, որ Իսրայելը ռմբակոծել է հարավային Լիբանանի Ալ-Դահիրա թաղամասը՝ օգտագործելով ԱՄՆ-ի մատակարարած սպիտակ ֆոսֆորի զինամթերք:
«Amnesty International»-ը նաև ստուգել է Իսրայելի կողմից հարավային Լիբանանի դեմ սպիտակ ֆոսֆորով ռումբերի օգտագործումը: Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարության մեջ ընդգծել է, որ հարձակման ժամանակ թիրախ են դարձել ոչ մարտունակ անձինք։
#Դետքի_հետագծով
Սպիտակ ֆոսֆորը թունավոր նյութ է, որն այրվում է 800 աստիճան ցելսիուսից ավելի բարձր ջերմաստիճանում, ինչը բավականաչափ բարձր է մետաղը հալեցնելու համար: Այն արձակում է սխտորի նման հոտ և կարող է առաջացնել արագ տարածվող կրակ՝ լայն տարածքներում թանձր ծուխ ստեղծելով:
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը նույնպես նման զինատեսակ էր օգտագործել Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի մարտիկների դեմ։
Add new comment