Submitted by A.Gevorgyan on
juik

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գնահատականներ է տվել Թուրքիայի հետ հարաբերությունների և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ

2024 թ. մարտի 1-3-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը, պատասխանելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցերին, գնահատականներ է տվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի միջավայրին՝ Միրզոյանը հայտնել է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցելու ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ»։

Նա, անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայացմանը, նշել է, որ երկրաշարժից հետո այցելել է Թուրքիա, եղել աղետի գոտում, ինչպես նաև Անկարայում։ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Ա. Միրզոյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։

ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկման թեմա է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը: Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան` նա ասել է. «Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճը առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը գիտակցում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասը»:

Add new comment