Submitted by H.Minasyan on
«Շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ». Միրզոյան

«Շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ». Միրզոյան

Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին` հայտարարելով, որ իրենք ցանկանում են օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու իրենց հանձնառությունը խաղաղության օրակարգին: Հայաստանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացը Հարավային Կովկասում` ընդհանրապես Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար»։
Նշելով, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և որ դրանցից մի քանիսի շուրջ իրենք կարողացել են պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ, Միրզոյանն ասել է, որ երկու կարևոր հարցերի վերաբերյալ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն: ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը։
Ա. Միրզոյանը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն:
Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանի վարչակազմը ցանկանում է` այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Ըստ նրա` այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը նշել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու»:
Հայաստանի նախարարը հայտնել է, որ նախատեսում են` Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լինելու է տնտեսապես կարևոր և տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք։
Ա. Միրզոյանը հայտարարել է՝ իրենք դեմ են, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից՝ հավելելով, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: «Կարևոր են հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»,- ասել է նա` հավելելով, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանի Բաքվի վարչակազմին։ Միրզոյանը պնդել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համապատասխան արձագանք չի տվել:
Նա, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվել է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է, որ այն հայտնի չէ: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։

Add new comment