ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, եթե նա բալիստիկ հրթիռներ մատակարարի ՌԴ-ին. սպառնում է Լայենը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եթե վերջինս Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի։ Ըստ «Դետք»-ի՝ բրիտանական «Reuters» գործակալությունը հաղորդում է, որ այս մասին Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Եվրոպացի պաշտոնյան Իրանին մեղադրել է Եմենի հութիներին աջակցելու միջոցով տարածաշրջանում լարվածությունն ավելացնելու, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու մեջ։ «Հավելեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրի, ինչպես վերջերս հաղորդվել է»,- ասել է նա։
Փետրվարի 21-ին «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանը հունվարի սկզբից, ենթադրաբար, շուրջ 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հերքել էր այս լուրերը և հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին հայտարարել է, որ արևմտյան երկրների պնդումներն անհիմն են, և Իրանը խստորեն դատապարտում է դրանք։
#Դետքի_հետագծով
Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը բազմիցս հերքել են Արևմուտքի մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում օգտագործման նպատակով։ Իրանը պնդում է, որ պատերազմող կողմերին սպառազինություն չի մատակարարում, քանի որ դա նպաստում է ռազմական գործողությունների երկարաձգմանը։
Add new comment