Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը և Ռուսաստանն ընդգծում են տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կինշչակը Մոսկվայում ընդունել է Իրանի արտգործնախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջիին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Հայտնի է, որ պաշտոնյաներն անդրադարձել են տարածաշրջանային կարևորագույն հարցերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, մասնավորապես Գազայի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի (Իսրայելի - խմբ.) հանցագործությունները, ինչպես նաև Սիրիայի, Եմենի և Լիբիայի հետ կապված հարցերը։

Կողմերն ընդգծել են տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։ Կինշչակը և Հաջին մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների, այդ թվում՝ քաղաքական և դաշտային իրավիճակի, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար իրավիճակի բարելավման և քաղաքական գործընթացի շարունակմանն ուղղված համատեղ ռազմավարությունների վերաբերյալ։

Նշվում է՝ պաշտոնյաները շեշտել են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, իսկ արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությունն անընդունելի է։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Ռուսաստանը և Իրանը կտրուկ մեծացրել են երկկողմ համագործակցության ծավալները, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Այս փոխգործակցությունը նոր թափ ստացավ հատկապես 2022-ի փետրվարից հետո, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններ մեկնարկեցին, և ՌԴ-ի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ սահմանվեցին։

Add new comment