Իրանն ու ԱՄՆ-ն չեն քննարկել Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում անցկացված անուղղակի բանակցությունները վերաբերում էին միայն հակաիրանական պատժամիջոցների վերացման հարցին, խորհրդակցությունների ժամանակ չի քննարկվել Կարմիր ծովում նավարկության անվտանգության ոլորտի լարվածությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Անուղղակի բանակցությունները սահմանափակվում են բացառապես պատժամիջոցների վերացման թեմայով, Կարմիր ծովում տիրող իրավիճակի մասին խոսք չի եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հաղորդվում է, որ հոգեբանական ճնշումների կամ իրականության խեղաթյուրման նման գործիքների կիրառումը ԱՄՆ ռազմավարության մի մասն է՝ փոխհատուցելու դիվանագիտական ձախողումը։ Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցների վերացման հարցը միշտ առաջնահերթություն է եղել Իրանի համար:
Ավելի վաղ բրիտանական «Financial Times» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ՝ փորձելով համոզել Թեհրանին ճնշում գործադրել հութի ապստամբների վրա, որոնք հարձակվում են Կարմիր ծովում նավերի վրա:
#Դետքի_հետագծով
Օմանում կայացած խորհրդակցությունների ժամանակ Վաշինգտոնը ներկայացնում էին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքն ու Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին, իսկ Թեհրանը՝ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին: Բանակցությունների երկրորդ փուլը պետք է կայանար փետրվարին, սակայն այն հետաձգվել է Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի փորձերի ֆոնին։
Add new comment