Գիտության և տեխնիկայի ոլորտում զարգացման պատճառով թշնամին փորձում է զսպել Իրանին․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում զարգացման պատճառով թշնամին փորձում է զսպել Իրանին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Ռայիսին միևնույն ժամանակ ընդգծել է Իրանի գիտական մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նա դասախոսներին և գիտնականներին հորդորել է խոչընդոտների դեպքում հուսահատեցնել թշնամուն և հույս ներշնչել ժողովրդին։
Ժամանակակից գիտությունների ու տեխնոլոգիաների ոլորտի դասախոսների և գիտնականների հետ հանդիպմանը, լսելով նրանց կարծիքներն ու տեսակետները, Ռայիսին անդրադարձել է նաև արտադրողականության բարձրացման կարևորությանը. «Հանրապետության բուհերում և գիտական կենտրոններում կան բազմաթիվ չօգտագործված կարողություններ, որոնք պետք է օգտագործել արտադրողականությունը բարձրացնելու և երկրի խնդիրները լուծելու համար»։
Ռայիսին Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարին ու գիտության, տեխնոլոգիաների և գիտելիքահենք տնտեսության գծով փոխնախագահին հանձնարարել է նաև արհեստական ինտելեկտի բարձրագույն խորհրդի միջոցով հայտնաբերել առկա խնդիրներն ու լուծել դրանք։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են հատկացնում նաև գիտության և տեխնոլոգիայի ոլորտում զարգացմանը։ Սա Իրանին թույլ է տալիս դիմագրավել արևմտյան երկրների ճնշումներին և չթուլացնել երկրի ինքնիշխանության մակարդակը։
Add new comment