Վրաստանի ԱԳ նախարարի անդրադարձը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
«Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն»,- Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը՝ շեշտելով Թբիլիսիի պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կհասնեն համաձայնության և խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը շրջադարձային կլինի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության համար»,- ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Այսօր Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումն էր, որն այս անգամ տեղի ունեցավ Բաքվում։ Նման ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ համագործակցության այս ձևաչափը նպաստում է տարածաշրջանային կայունությանը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Ժամանակացույցը դեռ չի հստակեցվում։
Add new comment