Submitted by D.Guyumjyan on
DETQ

Տավուշի գյուղերի հանձնումը չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հերթական անգամ պնդել է, որ ՌԴ-ն ոչ մի կապ չունի Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու հետ, և երկիրը չպետք է ասոցացվի այդ գործընթացում։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ 

Զախարովայի համոզմամբ՝ սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ։ Նա նշել է, որ այդ խնդիրները պետք է լուծել հանգիստ, կառուցողական ձևով, և դրա մեխանիզմը կա՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը։

«Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր հարուստ փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա։ Ընդգծեմ, որ մենք որևէ կերպ կապված չենք Երևանի ղեկավարության հնչեցրած որոշումների հետ»,- ասել է նա։

Ըստ ռուս պաշտոնյայի՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, և այդ թեմայով ռուսական կողմի հետ որևէ քննարկում չի եղել: Նա ընդգծել է, որ դա բացառապես այն է, ինչ երկրի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ:

«Ցանկանում ենք, որ արևմտյան գործընկերների հետ շփման ազդեցության տակ կամ անմիջականորեն նրանց հետ ընդունվող որոշումների համար ուղիղ պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր Երևանում դրանք հայտարարում են: Ռուսաստանի հետ սա որևէ կապ չունի»,- հավելել է Զախարովան։

#Դետքի_հետագծով

Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ «շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դո՞ւք»։ Ռուսաստանը պնդում է, որ ոչ մի կապ չունի այս գործընթացի հետ՝ փորձելով դա պայմանավորել Հայաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների խորացմամբ, որն անհանգստացնում է Մոսկվային։

Add new comment