Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Անկարայի հետ հարաբերություններում նախաձեռնողականությունն անցել է Աթենքի ձեռքը, իսկ թուրքական կողմն արդեն հայտնվել է միայն հակազդողի դերում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հունական «Antenna» հեռուստաալիքին տված հարցազրույցում Միցոտակիսը հակադարձել է երկրի նախկին երկու վարչապետների քննադատություններին, որոնք Աթենքի վարած արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ համարում էին թույլ։
Հունաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները Էգեյան և Միջերկրական ծովերում՝ մատնանշելով երեք հիմնական գործոն. Հունաստանն ընդլայնել է իր տարածքային ջրերի սահմանները, հստակորեն ի ցույց է դրել իր ինքնիշխան իրավունքները Կրետե կղզու հարավում և վերջին 40 տարում առաջին անգամ սկսել է սեփական հորատման աշխատանքները։
«Առաջին անգամն է, որ Հունաստանն է սահմանում օրակարգը, իսկ Թուրքիան միայն որոշակիորեն արձագանքում է դրան»,- հավելել է Միցոտակիսը։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից տարիներ շարունակ հնչող «Casus belli»-ի (պատերազմի պատճառ/առիթ/ուլտիմատում) մշտական սպառնալիքին՝ Միցոտակիսը հավելել է.
«Ես Հունաստանի միակ վարչապետն եմ, ով մեկնել է Անկարա և այնտեղ քաղաքավարի, բայց առանց զիջումների, հստակորեն բարձրացրել է «casus belli»-ի հարցը»։
Ավելացնել նոր մեկնաբանություն