Submitted by H.Andreasyan on
Զենքի շրջանառության կարգավորման օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի

Զենքի շրջանառության կարգավորման օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի

Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելը նախատեսվում է մի փոքր հետաձգել։ Այն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից՝ ապրիլի 28-ի փոխարեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Հաշվի առնելով, որ դեռ նախատեսվում է տվյալ փաթեթից բխող ավելի քան երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտեր ընդունել, ինչը, ըստ էության, պետք է ապահովի նոր օրենքի անխափան գործունեությունը, մենք որոշել ենք նախկինում նշված ամսաթիվը տեղափոխել այս տարվա հուլիսի 1-ը»,- պարզաբանել է նախարարը։

Այդպիսի ժամկետ է առաջարկվում նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի շրջանակում։ Այն մասնավորապես ենթադրում է հրաձգարանների պարտադիր լիցենզավորում։

Խորհրդարանը դեռ 2022 թվականին էր ընդունել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը, այն ներկայացրել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Դրանով, օրինակ, առաջարկվում է  ակոսափող զենք կրելու իրավունք տալ 18-ի փոխարեն 21 տարին լրացած անձանց: Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։

Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։

 

Add new comment