Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ «Դետք​​​​»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջը բաց է և հույս է ներշնչում երկու ժողովուրդներին։ Նրա խոսքով՝ երկու երկրների առջև բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ:

Ըստ Իրանի գլխավոր դիվանագետի` Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ, և երկու ժողովուրդները, հարևան և պատմական կապերից բացի, ունեն նաև ընտանեկան կապեր։

«Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, որը հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, և երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ»,- ասել է նա։

Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքները։

#Դետքի_հետագծով

Տևական լարվածությունից հետո Իրանը և Ադրբեջանը ներկայումս գտնվում են հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Չնայած այս ամենին` Բաքուն դեռևս հրաժարվում է իր դեսպանատունը վերաբացելուց, որը փակվել էր 2023 թվականի հունվարի 27-ին, երբ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում էր կատարվել։

Add new comment