Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջը բաց է և հույս է ներշնչում երկու ժողովուրդներին։ Նրա խոսքով՝ երկու երկրների առջև բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ:
Ըստ Իրանի գլխավոր դիվանագետի` Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ, և երկու ժողովուրդները, հարևան և պատմական կապերից բացի, ունեն նաև ընտանեկան կապեր։
«Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, որը հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, և երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ»,- ասել է նա։
Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքները։
#Դետքի_հետագծով
Տևական լարվածությունից հետո Իրանը և Ադրբեջանը ներկայումս գտնվում են հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Չնայած այս ամենին` Բաքուն դեռևս հրաժարվում է իր դեսպանատունը վերաբացելուց, որը փակվել էր 2023 թվականի հունվարի 27-ին, երբ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում էր կատարվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն