Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանում նավթի արդյունահանումը կավելացվի օրական 400 հազար բարելով

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ երկրում նավթի արդյունահանումը կավելացվի օրական 400 հազար բարելով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Ըստ Ջավադ Օվջիի՝ Իրանը վերջին տարիներին ավարտին է հասցրել գրեթե 130 անավարտ նախագիծ և սկսել 28.5 միլիարդ դոլար արժողությամբ 50 նոր նախագիծ։ Նրա խոսքով՝ երկրում առաջիկայում կբացվի 5 նավթաքիմիական գործարան, ինչը կնպաստի նավթի արդյունահանման ավելացմանը։

Իրանցի նախարարը շեշտել է, որ գործող նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնավարման ընթացքում (պաշտոնավարում է 2021-ի օգոստոսից - խմբ.) երկրում գազաֆիկացվել է 5500 գյուղ։ «Մենք կարողացել ենք նավթագազային հատվածի տնտեսական աճը մեծացնել տարեկան ավելի քան 20 տոկոսով»,- պնդել է պաշտոնյան։

Իրանի նավթի նախարարը հավելել է, որ «Ազադեգան», «Ազար-2», «Սումար», «Սաման», «Դելավարան» և «Մասջեդ Սոլեյման» նավթային հանքավայրերի շահագործման 13 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերը ստորագրվել են  Իրանի նավթի նախարարի, Իրանի նախագահի և Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենի ներկայությամբ:

#Դետքի_հետագծով

Նավթի ու բնական գազի արդյունահանումը Իրանի տնտեսության շարժիչ ուղղություններից մեկն է։ Սա Իրանի իշխանություններին թույլ է տալիս չեզոքացնել արևմտյան պատժամիջոցների հետևանքները, ինչպես նաև զարգացնել երկրի տնտեսությունը։
 

Add new comment