Իրանում նավթի արդյունահանումը կավելացվի օրական 400 հազար բարելով
Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել է, որ երկրում նավթի արդյունահանումը կավելացվի օրական 400 հազար բարելով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Ըստ Ջավադ Օվջիի՝ Իրանը վերջին տարիներին ավարտին է հասցրել գրեթե 130 անավարտ նախագիծ և սկսել 28.5 միլիարդ դոլար արժողությամբ 50 նոր նախագիծ։ Նրա խոսքով՝ երկրում առաջիկայում կբացվի 5 նավթաքիմիական գործարան, ինչը կնպաստի նավթի արդյունահանման ավելացմանը։
Իրանցի նախարարը շեշտել է, որ գործող նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնավարման ընթացքում (պաշտոնավարում է 2021-ի օգոստոսից - խմբ.) երկրում գազաֆիկացվել է 5500 գյուղ։ «Մենք կարողացել ենք նավթագազային հատվածի տնտեսական աճը մեծացնել տարեկան ավելի քան 20 տոկոսով»,- պնդել է պաշտոնյան։
Իրանի նավթի նախարարը հավելել է, որ «Ազադեգան», «Ազար-2», «Սումար», «Սաման», «Դելավարան» և «Մասջեդ Սոլեյման» նավթային հանքավայրերի շահագործման 13 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերը ստորագրվել են Իրանի նավթի նախարարի, Իրանի նախագահի և Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենի ներկայությամբ:
#Դետքի_հետագծով
Նավթի ու բնական գազի արդյունահանումը Իրանի տնտեսության շարժիչ ուղղություններից մեկն է։ Սա Իրանի իշխանություններին թույլ է տալիս չեզոքացնել արևմտյան պատժամիջոցների հետևանքները, ինչպես նաև զարգացնել երկրի տնտեսությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն