Submitted by D.Guyumjyan on
դետք

Թեհրանը քննադատում է Գերմանիայի արտգործնախարարի հակաիրանական մեղադրանքները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում Իրանի դեմ Գերմանիայի արտգործնախարարի մեղադրանքը վկայում է այն մասին, որ Բեռլինը փորձում է քողարկել իր աջակցությունն օկուպացիոն քաղաքականությանը, ինչպես նաև անտարբեր է մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների նկատմամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Դառը հեգնանք է, որ արևմտյան որոշ կառավարություններ, որոնք ունեն մարդու իրավունքների խախտողներին համապարփակ աջակցության պատմություն և անմիջական դերակատարություն Իրանի դեմ պարտադրված պատերազմի ժամանակաշրջանում Սադամի վարչակարգին քիմիական զենք մատակարարելու գործում, պնդում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները»,- ասել է նա։

Քանաանիի համոզմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով գերմանական իշխանությունները միջամտում են այլ երկրների ներքին գործերին և միևնույն ժամանակ խթանում իրենց երկրի տնտեսությունը՝ ակտիվացնելով զենքի գործարանների գործունեությունը։ Նա շեշտել է, որ եթե Գերմանիան և նրա դաշնակիցներն իսկապես փնտրում են մարդու իրավունքների պաշտպանություն, ապա նրանք պետք է ստեղծեն փաստահավաք հատուկ հանձնաժողով՝ Իսրայելի ռեժիմի կողմից ավելի քան 30․000 անպաշտպան խաղաղ բնակչի սպանության վերաբերյալ։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Իսրայելը լիակատար պաշարել է խիտ բնակեցված տարածքը՝ անջատելով էլեկտրաէներգիան, արգելափակելով վառելիքի, սննդի և ջրի աղբյուրներն այնտեղ ապրող ավելի քան երկու միլիոն պաղեստինցու համար:

#Դետքի_հետագծով

Գերմանիայի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ժամանակ առ ժամանակ քննադատում են Իրանին, ինչն առաջացնում է վերջինիս դժգոհությունը։ Այս համատեքստում Իրանը հակադարձում է Գերմանիային՝ հիշեցնելով պատմության ընթացքում այս երկրի իրականացրած վայրագությունները։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն