Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նորընտիր խորհրդարանի հայ պատգամավորները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Դետք»-ը, մարտի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացել էին 12-րդ գումարման խորհրդարանի և 6-րդ գումարման Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն` ազգային փոքրամասնությունների խորհրդարանական տեղերից 2-ը բաժին են ընկնում հայ համայնքին, որոնցից մեկը` Թեհրանի և հյուսիսային, իսկ մյուսը՝ հարավային իրանահայությանը։ Հայ համայնքը, ինչպես նախորդ ընտրությունների պարագայում, ներկայումս նույնպես ակտիվորեն մասնակցում էր ընտրություններին՝ առաջադրելով ընդհանուր 7 թեկնածու։

Թեհրանի և հյուսիսային իրանահայության ընտրամասում առաջադրվել էր 4 թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալեքս Կարապետյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Սևան Սոհրային, իսկ Սպահանի և հարավային իրանահայության ընտրամասում` 3 թեկնածու՝ Գեղարդ Մանսուրյանը, Արման Հովսեփը և Էմին Հովսեփը: Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ պատգամավորներ են ընտրվել Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը։

Արա Շահվերդյանը նաև գործող գումարման մեջլիսի պատգամավոր է, որը 2020 թվականի ընտրություններում կրկին ընտրվել էր Թեհրանի և հյուսիսային իրանահայության ձայներով։ Սպահանի և հարավային շրջանի իրանահայության կողմից ընտրված պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։

Հատկանշական է, որ ինչպես Արա Շահվերդյանը, այնպես էլ Գեղարդ Մանսուրյանը «Հայ  հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչներ են։

#Դետքի_հետագծով

Հատկանշական է, որ Իրանի խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցուցանիշը բավականին ցածր է եղել։ Սա վկայում է այն մասին, որ իրանական հասարակության շրջանում իշխանությունների և պետական ինստիտուտների հանդեպ վստահության ճգնաժամ է, որը գնալով միայն խորանում է։

Ավելացնել նոր մեկնաբանություն