Եվրոպական որոշ երկրներ, հանձինս Ֆրանսիայի, փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները. Չավուշօղլու
Եվրոպական որոշ երկրներ, հանձինս Ֆրանսիայի, փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները, Թուրքիայում APA-ի թղթակցին ասել է ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ըստ նրա՝ Ադրբեջանը անկեղծություն է ցուցաբերել խաղաղության հասնելու հարցում, և Հայաստանն էլ մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե «արտաքին ճնշում չլինի»։
«Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև յուրաքանչյուր դրական քայլ իր դրական ազդեցությունն է ունենալու Թուրքիայի և Հայաստանի միջև գործընթացում,- ասել է թուրք դիվանագետը, ապա շարունակել,- տարածաշրջանում, իհարկե, կարևոր է նաև Վրաստանը։ Բայց այս գործընթացները կարևոր են ոչ միայն տարածաշրջանի համար։ «Միջին միջանցքի» արդիականացումը, էներգետիկ հաղորդակցության կարողությունների ավելացումը կենսական նշանակություն ունեն Եվրոպայի և Ասիայի համար»։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսեցին 44-օրյա պատերազմից հետո, ու թեև պաշտոնապես հայտարարվում է, թե գործընթացն առանց նախապայմանների է, Անկարան հաճախ հաշտեցումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Երեկ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում առաջարկել է հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում և այդ իրադարձությունը դարձնել պատմական։ Ի պատասխան` հայ բանագնացյ ասել է՝ կքննարկենք։ Բանագնացների վերջին հանդիպումը 2022-ի հունիսին էր Վիեննայում։
Քըլըչն այսօր վերահաստատել է երեկվա իր հայտարարությունը՝ շեշտելով․ «Մենք որոշել ենք, հանդիպում կլինի, օրն ու վայրը դեռ կորոշենք»։
Ռուբինյանն էլ «CNN TÜRK»-ին ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման։
Ավելացնել նոր մեկնաբանություն