Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը ևս երկու ատոմակայան է կառուցում

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ երկրի տարածքում ևս 2 նոր ատոմակայան է կառուցվում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Էսլամին հույս է հայտնել, որ մինչև Իրանի հաջորդ՝ 14-րդ կառավարության պաշտոնավարման ժամկետի ավարտը երկրում կկառուցվի հազար մեգավատտ հզորությամբ երկու ատոմակայան։ «Նանո ատոմային էլեկտրակայանների միջազգային ասոցիացիան Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանը ներառել է գնահատման աղյուսակի վերևում, քանի որ այն շատ լավ է աշխատել»,- ասել է նա՝ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Պաշտոնյան հայտնել է նաև, որ Իրանում առաջին անգամ կիրականացվի գյուղատնտեսական մթերքների ճառագայթում։ Նա հույս է հայտնել, որ դա դրական կազդի մարդկանց կյանքի վրա։ 

«Սննդի և գյուղմթերքի ճառագայթումը հնարավորություն է տալիս կանխելու դրանց փչացումը, ոչնչացնելու սննդի միջոցով փոխանցվող պաթոգենները, ինչպիսիք են բակտերիաները, և վերացնելու վնասատու միջատների ազդեցությունը՝ առանց էականորեն ազդելու սննդի համի կամ հոտի վրա»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի միջուկային կարողությունների զարգացմանը, որոնք, ըստ Թեհրանի, կրում են բացառապես խաղաղ բնույթ։ Այս նպատակով Իրանում մեծ թափով ատոմակայաններ են զարգացնում, որոնք ամրապնդում են նաև երկրի էներգետիկ անվտանգությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն