Թեհրանում շուտով կվերսկսվի Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը
Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը շուտով կվերաբացվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Դեսպանը նաև հայտնել է նախապատրաստական աշխատանքներ տանելու նպատակով Թեհրան պատվիրակության այցի մասին։ «Երկու երկրների պատմական ժառանգությունը և Իրանի ու Ադրբեջանի մոտ 800 կմ-անոց սահմանի երկայնքով ապրող ժողովուրդների միջև մշակութային ու զգացմունքային խոր կապերը թույլ չեն տա, որ խնդիրներն ու թյուրըմբռնումները շարունակվեն»,- ասել է Մուսավին՝ նշելով, որ կողմերը ձգտում են հաղթահարել «հարաբերություններում սառնության» այս փուլը։
Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնություններում «տեսանելի են թշնամիների և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների ու վարչակարգերի, հատկապես նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը փակել էր Թեհրանում իր դեսպանատունն այն բանից հետո, երբ 2023 թ․ հունվարի 27-ին 50-ամյա մի տղամարդ մտել էր դեսպանատան շենք և «Կալաշնիկովի» ինքնաձիգից կրակ էր բացել՝ սպանելով անվտանգության ծառայության ղեկավարին, վիրավորելով անվտանգության 2 աշխատակցի։ Տղամարդը, որը մեքենայով դեսպանատուն էր եկել անչափահաս երկու երեխաների հետ, ձերբակալվել էր։ Նրա գործողությունների դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել։
Ավելացնել նոր մեկնաբանություն