Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք. Ալիև
«Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդգծելով, որ մինչ օրս Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ են անցկացրել, Ալիևն ասել է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետների հանդիպումը վկայում են, որ կարգավորման լավ հնարավորություն կա։
Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր` ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով, որ այժմ ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ:
«Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս»,- ասել է Բաքվի բռնապետը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ խաղաղությունը չափազանց կարևոր է ոչ միայն տարածաշրջանի մարդկանց և երկրների, այլև սևծովյան տարածաշրջանի ու հյուսիսատլանտյան անվտանգության համար, ապա հավելել, որ խաղաղությունն ու կայունությունն էական են անվտանգային ավելի լայն համատեքստում։
«Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Դուք առավել քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ միայն հորդորել Ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ նաև նույնաբովանդակ գրառում կատարելով X-ի իր էջում։
Սա Ստոլտենբերգի առաջին այցն է Բաքու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա Բաքվից հետո կայցելի Վրաստան և Հայաստան։ Երևանում և Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու նախագահների և վարչապետների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն