Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ռայիսին և Պուտինն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են ընդհանուր տարածաշրջանային շահերին, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում։

Իրանի նախագահը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն անվանել է «զգայուն»։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է տարածաշրջանի կայունությունը և Իրանի ռազմավարական շահերը պահպանելու հարցում Թեհրանի կամքն ու պատրաստակամությունը։

Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի նոր կառավարության գործունեության մեկնարկը հարմար հող կպատրաստի տարբեր ոլորտներում Իրանի և Ռուսաստանի միջև կառուցողական հարաբերություններն ու համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։

Պուտինն իր հերթին Ռայիսիին շնորհավորել է իսլամական սուրբ Ռամադան ամսվա, ինչպես նաև իրանական նոր տարվա մեկնարկի կապակությամբ։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծի ամբողջականացումը, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության 77 տոկոսանոց աճը Թեհրան-Մոսկվա համագործակցության բարելավման դրական նշաններ են։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Ռուսաստանը և Իրանը կտրուկ մեծացրել են երկկողմ համագործակցության ծավալները, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Այս փոխգործակցությունը նոր թափ ստացավ հատկապես 2022-ի փետրվարից հետո, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններ մեկնարկեցին, և ՌԴ-ի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ սահմանվեցին։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն