Submitted by Անի Երյան on
Պուտին

ՌԴ-ն վավերացրել Է ԿԺԴՀ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ԿԺԴՀ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում ։

Պայմանագիրը ստորագրվել է Փհենյանում 2024 թվականի հունիսի 19-ին` գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը խորացնելու նպատակով։

Համաձայն վավերացման օրենքին կից նյութերի՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը համապատասխանում է նրանց ժողովուրդների հիմնարար շահերին և նպաստում խաղաղությանը, տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։

Պայմանագիրը, մասնավորապես, սահմանում է, որ կողմերից մեկի նկատմամբ զինված ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կողմերը խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու և միմյանց օգնություն ցույց տալու հնարավոր միջոցները համաձայնեցնելու համար:

«Եթե կողմերից մեկը զինված հարձակման ենթարկվի որևէ պետության կամ մի քանի պետությունների կողմից և հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմն անհապաղ ռազմական և այլ օգնություն կցուցաբերի ՄԱԿ - ի կանոնադրության 51-րդ հոդվածին և իր օրենսդրությանը համապատասխան»:

Ընդ որում, ՌԴ-ն և ԿԺԴՀ-ն պարտավորվում են համաձայնագիր չկնքել երրորդ պետությունների հետ, որոնք ուղղված են կողմերից մեկի դեմ, ինչպես նաև՝ թույլ չտալ երրորդ պետությունների կողմից իրենց տարածքի օգտագործումը մյուս կողմի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային անձեռնմխելիության խախտման նպատակով:

Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել անվտանգության, տնտեսության, առևտրի, ներդրումների, գիտության և տեխնիկայի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, սպորտի, մշակույթի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, տարերային աղետների հետևանքների կանխարգելման և վերացման ոլորտներում:

Բացի դրանից, կողմերը կաջակցեն միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցության զարգացմանը, կխորացնեն շփումները օրենսդիր, գործադիր և իրավապահ մարմինների միջև, փոխգործակցեն միջազգային ահաբեկչության և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից: Նույն օրվանից կդադարեցվի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2000 թվականի փետրվարի 9-ի բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագիրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն